Թումոն հայտարարում է տեխնոլոգիաների և դիզայնի կրթության նոր էրա՝ AI-ը (արհեստական բանականությունը) համալրում է թումոյական ոլորտների ցանկը և ինտեգրվում բոլոր ոլորտներում՝ ծրագրավորումից մինչև խաղերի մշակում:
Հոկտեմբերի 1-ից Հայաստանում Թումոյի բոլոր ուսանողներին հասանելի կդառնան AI բաղադրիչներով ինքնուսուցման վարժանքները, Գեներատիվ AI նոր ոլորտի դասընթացները և AI-ին նվիրված մեծ թվով աշխատարանները՝ ոլորտի միջազգային և տեղացի լավագույն մասնագետների ուղղորդմամբ, որոնց շնորհիվ ուսանողները թե՛ կստեղծեն AI գործիքներ, թե՛ կստեղծագործեն AI գործիքներով։ Այնուհետև ծրագիրը կներդրվի նաև միջազգային Թումո կենտրոններում։

Այս հիմնարար նորարարությունը հնարավորություն կտա Թումոյում սովորող բոլոր պատանիներին ստանալու գերժամանակակից հմտություններ՝ ձևավորելով AI սուպերօգտատերերի սերունդ։
«Մեր նպատակն է ուսանողներին տալ բոլոր անհրաժեշտ գործիքները, հմտությունները և ինքնավստահությունը, որպեսզի նրանք արհեստական բանականությունը ծառայեցնեն իրենց նպատակներին՝ խուսափելով պասիվ սպառող լինելու թակարդից, դառնան AI-ի սուպերօգտատերեր, — նշում է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը: — Այս գաղափարը պահանջում է, որ մենք համատեղենք AI-ի բերած անվտանգային և էթիկական մարտահրավերների մասին իրազեկումը նոր գործիքների ակտիվ փորձարկման հետ»։

Ինչպես և բոլոր ոլորտները Թումոյում, Գեներատիվ AI կրթական ոլորտը կազմված կլինի ինքնուսուցման վարժանքներից և նախագծահեն, գործնական աշխատանքներից՝ դասընթացներից։ Այս գործընթացների միջոցով ուսանողները կծանոթանան տարբեր AI մոդելներին, որոնց կիրառմամբ կստեղծեն համակարգչային ծրագրեր, պատկերներ, տեսանյութեր, տեքստեր, ձայն և երաժշտություն։
Հաջորդ փուլում նրանք արդեն կմարզեն և կկիրառեն AI մոդելներ, կծանոթանան AI համակարգերի տեխնիկական մանրամասներին: Նաև կուսումնասիրեն արհեստական բանականության հետ կապված անվտանգային ու էթիկական հարցերը՝ ապատեղեկատվություն, հաշվետվողականություն, վերահսկողություն և այլն։
Գեներատիվ AI ոլորտի դասընթացների երրորդ փուլում ուսանողները հնարավորություն կստանան ինքնուրույն ստեղծելու AI համակարգեր, կառուցելու AI ագենտներ և մշակելու բազմաթիվ այլ տեխնոլոգիական նախագծեր։
Թումոյի արհեստական բանականության կրթական ծրագիրն ինտենսիվ հետազոտական աշխատանքի արդյունք է, որն իրականացվել է ոլորտի լավագույն փորձագետների մասնակցությամբ և արդեն արժանացել է միջազգային բարձր գնահատականների։

Թումոյի արհեստական բանականության ինտեգրման նախագիծն արժանացել է կրթական-տեխնոլոգիական կարևորագույն մրցանակաբաշխության՝ Tools Competition-ի 2024 թվականի գլխավոր մրցանակներից մեկին, ընտրվել է որպես կրթության Նոբելյան մրցանակը համարվող WISE-ի եզրափակիչ փուլի մասնակից ու այժմ հավակնում է գլխավոր մրցանակին, որը կհայտարարվի նոյեմբերին։
Նախորդ տարի Թումոն հրավիրվել էր Փարիզ՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխամաս, ներկայացնելու իր արհեստական բանականության կրթության ռազմավարությունը՝ Digital Learning Week-ի շրջանակում, իսկ արդեն այս տարի Թումոն կներկայացի իր մշակած AI գործիքները, կրթական ռեսուրսներն ու ինքնուսուցման վարժանքները։
«Թումոյի կրթական ծրագիրը համատեղում է թե՛ տեխնոլոգիական, թե՛ դիզայնի ոլորտները, և դրանցից յուրաքանչյուրում կարևոր է դարձել ոչ միայն հիմունքներին տիրապետելը, այլ նաև` համապատասխան AI գործիքներին։ Օրինակ` ծրագրավորման մեջ AI կոդավորման օգնականների կիրառումը, խաղերի մշակման ոլորտում AI խաղացողների ստեղծումը կամ գրաֆիկական դիզայնում AI-ի օգնությամբ պատկերների բարելավումը», — ասում է Թումոյի կրթության գիտության մասնագետ Լիլիթ Թովմասյանը։
Ի հավելումն հիմնական ծրագրում այս փոփոխություններին՝ Թումոյում մի քանի տասնյակով կավելանան տարվա ընթացքում անցկացվող AI-ի խորացված աշխատարանները։
Կրթական նորամուծությունները միաժամանակ հասանելի կդառնան տասնյակ հազարավոր ուսանողներին՝ ամենամեծ Թումո կենտրոնից մինչև ամենափոքր համայնքում գործող Թումո տուփ։ Նոր գրանցված ուսանողները նույնպես կկարողանան գրանցվել՝ մասնակցելու AI-ի ուսումնառության գործընթացին։