Անցում անկանխիկ վճարումների. Ի՞նչ է փոխվում և ի՞նչ հետևանքներ կլինեն բիզնեսի համար

Տանը ծրարի մեջ, կամ ներքնակի տակ պահվող գումարն առաջիկայում ցանկալի է փոխարինել օնլայն տարբերակով, քանի որ 2022թ․ հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով:  

Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ նոր օրենքի համաձայն՝ նշված ամսաթվից սկսած, ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 300 հազար ՀՀ դրամը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։

- Advertisement -

Խոսքը վերաբերում է աշխատավարձ ստանալուն, խանութից թանկարժեք ապրանքներ գնելուն, ԲՈՒՀ-երում վճարում կատարելուն, կամ տարբեր ծառայությունների դիմաց գանձումներին. մասնավորապես՝ փաստաբանական, խորհրդատվական, հաշվապահական, աուդիտորիական, իրավաբանական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլ ծառայությունների մատուցման մասով, վճարումը պարտադիր պետք է լինի բացառապես անկանխիկ:

Անկանխիկ վճարումներ
Անկանխիկ վճարում պահանջող գործարքների ցանկ՝ ըստ ժամանակացույցի և գումարի չափի

2022 թվականի հուլիսի 1-ից, գրավատները վարկերը կտրամադրեն բացառապես անկանխիկ, եթե այն գերազանցել է 80 հազար դրամը: 2023 թվականի հունվարի 1-ից շեմը կիջեցվի մինչև 50 հազար դրամ, 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20 հազար և ավելի տրամադրվող վարկերը կմատուցվեն անկանխիկ ճանապարհով:

Օրենքն ուժի մեջ է մտնելու փուլային տարբերակով, նախ` Երևանում 2022թ․ հուլիսի 1-ից, ապա ՀՀ մարզերի վարչական կենտրոններում 2023թ․ հուլիսի 1-ից: Արդեն 2024թ․ հուլիսի 1-ից այն կտարածվի հանրապետության ամբողջ տարածքի վրա։

Ֆիզիկական անձանց միջև գործարքների այդ շեմը 500 հազարն է, սակայն 2023թ․-ից նշաձողը կիջեցվի մինչև 300 հազարը։

Ինչպե՞ս կազմել վաճառքի պլան

Ինչքան են տուգանելու

Եթե այնուամենայնիվ, գտնվեն տնտեսվարողներ, ձեռներեցներ, որոնք փորձեն չպահել օրենքը, ապա ստիպված կլինեն վճարել տուգանք՝

  • 1-ին խախտում՝ կանխիկի թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարների) հանրագումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և ոչ ավելի, քան 2 միլիոն դրամը:
  • Հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ խախտումների հանրագումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 1 միլիոն դրամը, և ոչ ավելի, քան 4 միլիոն դրամը: 

Տուգանք է գանձվում նաև այն դեպքում, երբ տնտեսվարողը չունի վճարային գործիքներ՝ անկանխիկ վճարներն ընդունելու համար, առաջին անգամ՝ 300 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 400 հազար:

Ինչ հետևանքներ կունենա օրենքի փոփոխությունը բիզնեսի վրա

Օրենքի գլխավոր նպատակը ստվերային տնտեսության մասշտաբների կրճատումն է: Բայց նման մասշտաբի փոփոխությունն իր հետ կբերի նաև այլ հետևանքներ գործող բիզնեսների համար:

«Կանխիկ գումարի շրջանառության կրճատումը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը և ստվերը: Անկանխիկ գործարքների դեպքում վերահսկելի է դառնում, թե գումարը որտեղից է գալիս, ուր է գնում և ինչու: Այս քայլով նաև վարկերի տոկոսադրույքի իջեցում է կանխատեսվում»,-նշում է Team2b ընկերության հարկային խորհրդատու Հովհաննես Մելքոնյանը:

Անցում անկանխիկ վճարումների. Ի՞նչ է փոխվում և ի՞նչ հետևանքներ կլինեն բիզնեսի համար

Բիզնեսի համար այս օրենսդրական փոփոխությանն արձագանքելը դժվար չի լինի, բայց որոշակի քայլեր կպահանջվեն: Մասնավորապես, անհրաժեշտ կլինի անպայման ունենալ տեխնիկական միջոցներ՝ անկանխիկ վճարումներ ստանալու համար, ինչը ենթադրում է որոշակի ծախսեր և ենթակառուցվածքների առկայություն, որը երբեմն կարող է խնդիր դառնալ մարզերում:

Ավելի էական ազդեցություն կարող է ունենալ վճարումների ուշ ստացումը, չէ որ բանկային փոխանցումները կատարվում են շաբաթվա միայն աշխատանքային ժամերին: Այս առումով շատ կարևոր է ArCa համակարգի անխափան աշխատանքը, որի վրա օրենքի փոփոխությամբ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է լինելու:

Ինչ վերաբերում է ֆինանսական հավելյալ ծախսերին, ապա բիզնեսները ստիպված են լինելու վճարումների ընդունման համար միջնորդավճար վճարել բանկերին, ինչը կարող է հասնել մինչև 1%-ի:

Ստվերային տնտեսությունը կրճատելու նպատակով օրենսդրական փոփոխությունները մեկնարկել էին վաղուց, մասնավորապես ԱԺ-ն 2019թ․ հոկտեմբերին «Աշխատանքային օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքով ամրագրել էր, որ ըստ էության, 2020թ․ հունվարի 1-ից Երևանում 10-ը և ավելի աշխատակից ունեցող գործատուներն աշխատավարձի վճարումներն իրականացնում են անկանխիկ եղանակով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Նանէ Հայրապետյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում: