Կոգնիտիվ հակումները՝ որպես բիզնես գործիք․ ի՞նչ է առաջարկում հայկական «UX Core» հարթակը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կոգնիտիվ հակումները հոգեբանական օրինաչափություններ են, որոնք ազդում են մարդու մտածողության և որոշումների վրա, հաճախ՝ անգիտակցաբար։ Բիզնեսի աշխարհում այս հակումների ըմբռնումը կարող է դառնալ հզոր գործիք՝ հաճախորդների վարքը հասկանալու, ծառայությունների ու ապրանքների ձևավորումն օպտիմալացնելու, ներքին թիմային աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և մարքեթինգային հաղորդակցությունները բարելավելու համար։

ՏՏ ոլորտում փորձառու մասնագետ Վոլֆ Ալեքսանյանի նախաձեռնությամբ, մի քանի տարի առաջ ստեղծվեց UX Core հարթակը, որի հիմնական նպատակն է կոգնիտիվ հակումների մասին գիտելիքը հասանելի դարձնել ոչ միայն մասնագետներին, այլ նաև լայն հասարակությանը։

Ինչպե՞ս են բիզնեսում դրսևորվում կոգնիտիվ հակումները

Որպես օրինակ կարող ենք նշել McDonald’s-ի Happy Meal հավաքածուն, որը McDonald’s արագ սննդի ցանցի հատուկ մանկական մենյուն է։ Happy Meal-ի խաղալիքները սովորաբար թողարկվում են սահմանափակ հավաքածուով՝ կապված հայտնի մուլտֆիլմերի կամ ֆիլմերի հետ, օրինակ՝ Disney, Marvel, Minions և այլն։ Ամեն մի այցելության ժամանակ երեխան ստանում է հավաքածուի միայն մեկ պատահական խաղալիք, ինչն էլ ամբողջ հավաքածուն հավաքելու ցանկություն է առաջացնում։ Երբ խաղալիքները ներկայացվում են որպես շարք կամ հավաքածու (օրինակ՝ 8 տարբեր կերպար Disney-ից), մարդկանց մոտ առաջանում է մղում՝ հավաքելու ամբողջ շարքը և շարունակել գնել սնունդը։ Այս մեխանիզմներով McDonald’s-ը խթանում է կրկնվող գնումներ, կապ է ստեղծում ապրանքանիշի ու հաճելի փորձառության միջև և մեծացնում է բրենդի ճանաչելիությունը երեխաների շրջանում՝ վաղ տարիքից։


Ի՞նչ է
«UX Core» հարթակը

Պլատֆորմը ներառում է 105 կոգնիտիվ հակումների նկարագրություններ և դրանց կիրառման օրինակներ։ Թեև օրինակները հիմնականում առնչվում են ՏՏ ոլորտին, դրանք գործնականում կարող են օգտակար լինել բազմաթիվ այլ բնագավառներում։

Հարթակի հեղինակ Վոլֆ Ալեքսանյանն իր մասնագիտական ուղու մի հատվածում խորապես հետաքրքրվել է մարդու մտածողության առանձնահատկություններով՝ փորձելով պարզել, թե ինչպես են մարդիկ տարբեր իրավիճակներում որոշումներ կայացնում։ Այս ուսումնասիրությունների արդյունքում էլ ձևավորվել է մի համակարգ, որը թույլ է տալիս օգտատիրոջը պատկերացում կազմել սեփական որոշումների ակունքներում գործող հոգեբանական մեխանիզմների մասին։

«UX Core»-ը ոչ միայն ուսուցողական հարթակ է, այլև ներառում է արհեստական բանականությամբ աշխատող օգնական, որը կարողանում է օգտատիրոջ կողմից նկարագրված իրավիճակի հիման վրա առաջարկել հստակ ռազմավարություն՝ հենվելով կոգնիտիվ հակումների վրա։ Բացի դրանից, ստեղծվել է նաև «Գիտակցվածության թեստ» անունով մի թեստ, որն օգնում է օգտատիրոջը վերարժևորել առօրյա որոշումները՝ բացահայտելով տարբեր հակումների հնարավոր ազդեցությունը։ «Գիտակցվածության թեստ» գործիքի հայերեն տարբերակը դեռ պատրաստ չէ, սակայն ստեղծողները նշում են, որ պատրաստ են թարգմանել այն՝ հետաքրքրված լսարան ունենալու դեպքում։

Հարթակի բովանդակությունն ունի նաև գործնական կիրառություն ՏՏ ընկերություններում։ Շատ ընկերություններ, չգիտակցելով «հետգնումային ռացիոնալիզացիա» կոչվող հակումի ազդեցության մասին, հաճախ չեն զարգացնում հաճախորդի հետ հարաբերությունը գնումից հետո։ Մինչդեռ այս հակումն օգտագործելով՝ հնարավոր է բրենդի հետ կապը երկարաձգել։

Մեկ այլ օրինակ է «Ջայլամի էֆեկտ»-ը, երբ մարդիկ խուսափում են բացել անհարմար հաղորդագրություններ՝ հատկապես մեծ գումարների գանձման դեպքում։ Այս հակումի իմացությունը կարող է բանկերին օգնել հաղորդագրությունների տեքստերն ավելի դրական երանգով ձևակերպելու հարցում։

Բացի դրանից, ՏՏ նախագծերում հաճախ դրսևորվում է «պլանավորման սխալ» հակումը, որի արդյունքում թիմերը չեն հասցնում ավարտել աշխատանքները նախանշված ժամկետում։ Նման իրավիճակների կանխարգելման համար անհրաժեշտ է նախապես հաշվի առնել այս հոգեբանական կողմնակալությունը և մշակել պահուստային տարբերակներ։

«UX Core»-ի օրինակն ապացուցում է, որ կոգնիտիվ հակումները կարող են ծառայել ոչ միայն գիտական ուսումնասիրության, այլև գործնական խնդիրների լուծման համար՝ եթե մատուցվում են հստակ, պարզ ու կիրառելի ձևով։

Հարթակի հայերեն տարբերակը

«Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ աջակցությամբ UX Core հարթակի բովանդակությունը թարգմանվել է հայերեն, ինչը հնարավոր է դարձել կամավորական աշխատանքի շնորհիվ։ ՄԵՄ ՀԿ-ի անդամները նկատել են, որ իրենց կազմակերպած կրթական ծրագրերում պատանիների վարքային որոշ գծեր համապատասխանություն ունեն հարթակում ներկայացված հակումների հետ։ Այդ պատճառով ՀԿ-ի մենթորներ Արթուր Հակոբյանն ու Լիանա Հակոբյանը որոշում են թարգմանել այդ նյութերը և տարածել երեխաների շրջանում։ Թարգմանության գործընթացում ընդգրկված կամավորները աշխատել են ոչ ակադեմիական, հնարավորինս պարզ և մատչելի լեզվով, որպեսզի երեխաներն առավել հեշտ ընկալեն բովանդակությունը։

Թարգմանական աշխատանքի ընթացքում փորձել են տերմինի բազում տարբերակներ, սակայն ի վերջո կանգ են առել «կոգնիտիվ հակում» տերմինի վրա՝ այն համարելով առավել հստակ և հասանելի։




Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները