Gyumri Tech week՝ 1700 մասնակից, աշխատաշուկաներ, քննարկումներ ու մրցույթ. Ինչ է սպասվում

Վերջին լուրերը
Նանէ Հայրապետյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Տեխնոլոգիական փառատոն՝ այս հանգստյան օրերին: Եթե անգամ չեք պլանավորել մեկնել Գյումրի՝ ամեն դեպքում հարկ ենք համարում տեղեկացնել, որ հուլիսի 2-4-ը մշակութային մայրաքաղաքում տեղի կունենա Gyumri Tech week-ը, որը կներառի տեխնոլոգիական 4 ուղղություն` բիզնես, տեխնոլոգիաներ, մարկետինգ և դիզայն: Ներկայացված են լինելու ինչպես մարքեթոլոգները, այնպես էլ  ինժեներներ, վաճառքի մասնագետներ, որակի թեստավորողներ, PR ու HR մասնագետներ, ծրագրավորողներ: 

Ի՞նչ է դա 🤔

Tech Week-ը եռօրյա միջոցառում է, որը կմիավորի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում: Այս տարի այն անցկացվելու է հուլիսի 2-4-ը Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում։ Միջոցառման գլխավոր նպատակն է համայնքային համաչափ շարունակական զարգացումը։

Փառատոնի մեջ միավորված են մի քանի միջոցառումներ, բայց հիմնականը կոնֆերանսն է, որը զուգահեռ տեղի կունենա երկու դահլիճում և կներառի ելույթներ ու պանելային քննարկումներ: Մասնակցելու են ընկերությունների հիմնադիրներ, տնօրեններ, ավագ մասնագետներ, մարդիկ, ովքեր կարող են մոտիվացնել լսարանին, կիսվել սեփական փորձով ու բազմապատկել այդ փորձը:

Մասնագիտական քննարկումները տեղի կունենան փոքր սրահում, որտեղ կխոսեն ամենատարբեր տեխնոլոգիական թեմաներից. բիզնես, դիզայն, մարքեթինգ: Ելույթները կլինեն կրեատիվ ծրագրավորումից, 3D մոդելավորումից մինչև այն, թե ինչպես ներկայանալ, ինչպես շփվել ներդնողների հետ և այլն:

How2b.am-ի հետ զրույցում Gyumri Tech week-ի կազմակերպիչ, TCF Armenia-ի համահիմնադիր Մարիամ Համբարձումյանն ասաց, որ սա տեխնոլոգիական համայնքի կողմից կազմակերպվող միջոցառում է:

«Համայնքը միավորվում և ուղևորվում է որևէ մարզ, տվյալ մարզի համաչափ զարգացմանը նպաստելու համար: Իրենց հետ տանում են մոտիվացիա, գիտելիք ու փորձ: Հիմնական խոսնակները համայնքում ներառված ընկերությունների աշխատակիցներն են: Միասին քննարկում ենք ներկայացվող թեմայի արդիականությունը և նպատակահարմարությունն ու ըստ այդմ այնպես դասավորում օրակարգը, որ բոլոր շահառուները ներառված լինեն: Ընդհանուր, մեծ թեմաները կքննարկվեն մեծ սրահում, իսկ ավելի մասնագիտական թեմաները կտանենք փոքր դահլիճ, որտեղ կլինի ավելի թիրախային լսարան»,- ասաց Մարիամ Համբարձումյանը:

Gyumri Tech week՝ 1700 մասնակից, աշխատաշուկաներ, քննարկումներ ու մրցույթ. Ինչ է սպասվում
Gyumri Tech week-ի կազմակերպիչ, TCF Armenia-ի համահիմնադիր Մարիամ Համբարձումյան

Օրինակ ստարտափների համար նախատեսել են հետաքրքիր թեմա՝ առաջին հարյուր հաճախորդները, որտեղ և ինչպես գտնել, իսկ ավելի փորձառուները կկիսվեն հմտություններով:

«Մեզ համար ամենակարևոր արդյունքն այն է, որ մարդիկ մոտիվացված լիենեն ու ներգրավվեն տեխնոլոգիական ոլորտ: Ի դեպ, այդ տեսակ պանելային քննարկում էլ ենք ունենալու, որպեսզի մարդիկ տեսնեն, որ կա հեռանկար ու հնարավորություն, ծանոթանան ու նեթվորք անեն այն մարդկանց հետ, ում միջոցով դա կարող են իրականացնել, և ի վերջո միանան այդ համայնքին ու օգնեն իրենց մարզը ոտքի կանգնեցնելուն»,- ասաց Մարիամ Համբարձումյանը:

Նախորդ և առաջին տեխնոլոգիական շաբաթն անցկացվել է Արցախում, որին մասնակցել է 1500 հոգի: Այս Tech week-ի գրանցումները դեռ բաց են: Այս պահի դրությամբ հետաքրքրվողները 1700-ն են, բայց կազմակերպիչները պատրաստվում են փակել գրանցումը՝ սահմանափակ տարածքի պատճառով:

Անցկացման վայրը 🙂

Միջոցառումը տեղի է ունենալու միաժամանակ 4 վայրերում՝ Գյումրու Դրամատիկական թատրոն, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն և Թումո Գյումրի։

Tech week-ը յուրաքանչյուր տարի կանցկացվի մեկ մարզում: Հետագայում գուցե հնարավոր լինի տարվա ընթացքում մի քանի տեխնոլոգիական շաբաթ անցկացնել, բայց այս պահի դրությամբ այն կլինի տարին մեկ՝ Հայաստանի տարբեր մարզերում:

«Տեխնոլոգիական երրորդ շաբաթի անցկացման մասին հետաքրքիր ձևով կհայտնենք փակման արարողության ժամանակ: Վայրի ընտրությունն անելու են մասնակիցները»,- ասաց կազմակերպիչը:

Նրա խոսքով, կոնֆերանսին զուգահեռ տեղի կունենա վեց միջոցառում: Կոնֆերանսը միայն դրա մեծ կտորն է: Մյուս միջոցառումը Armenian Testing Cup-ի կողմից կազմակերպված թեստավորման մրցույթն է լինելու, և 15-20 ընկերության որակի ապահովողների թիմի կողմից մեկ այլ ընկերության պրոդուկտ է թեստավորվելու: Առաջին երեք  հաղթողները ամեն տեղի համար մրցանակ են ստանալու: 

«Տեղի կունենա նաև Cyber Security Hackathon՝ կիբեռանվտանգության հեքըթոն, որտեղ անհատների տվյալների հոսքը կանխարգելող web գործիք է կառուցվելու և որի միջոցով հնարավոր կլինի ստուգել, արդյո՞ք քո տվյալները համացանցում են հայտնվել, թե ոչ, և ինչպես կանխարգելել կամ լուծել այդ խնդիրները:

Մեկ այլ միջոցառում ունենք՝ «Կորիզ» գաղափարների մրցույթը, որն սովորաբար ուղղվում է այն մարզի խնդիրները լուծելուն, որ մարզում տեղի է ունենում Tech week-ը: «Կորիզին» կարող են մասնակցել երկու և ավելի մասնակիցներով թիմեր, իսկ ծրագրերն անպայման պետք է ուղված լինեն Շիրակի մարզի զարգացմանը, ու կարող է ներառել ոչ միայն tech ոլորտն, այլև տուրիստական, սոցիալական, վերապատրաստումներին ուղված, համայնքը ներայացնող ծրագրեր»,- ասաց Մարիամ Համբարձումյանը:

Միջոցառման ամբողջ ընթացքում տեղի կունենա gg Race: Ընկերությունների աշխատակիցները կարող են որպես վարորդ գրանցվել ու տեղափոխել ուղևորներ, իսկ ստացված հասույթը կհանգանակվի բարեգործությանը:

Ավելի շատ ՏՏ միջոցառումներ՝ How2B-ում

«Միջոցառումը հնարավոր է դառնում, եթե շատ մարդ է հետաքրքրված լինում, շատ մարդ է գալիս տեսնելու, ծանոթանալու, իրենց փորձով կիսվելու և բաց են լինում նորը վերցնելու: Այն բացարձակապես անվճար է: Տպավորություն է ստեղծում թե սա շատ խիստ տեխնոլոգիական միջոցառում է, բայց ոչ , ցանկացած մարդու համար այնտեղ հասանելի ինֆորմացիա լինելու է, մոտվացնող, հետաքրքիր և կապեր ստեղծելու հնարավորություն»,- ասաց Մարիամ Համբարձումյանը:

Նրա խոսքով, իրենք չեն ապահովում ներդրումներ և չեն կնքում պայմանագրեր, բայց իրենք այն հարթակն ու հնարավորությունն են ստեղծում, որով շղթայական ռեակցիայով տեղի են ունենում այդ գործընթացները: Դրա վառ ապացույցն անցյալ տարի Արցախում անցկացրած Artsakh tech week-ից հետո իրականացված. բազմաթիվ ծրագրերն են:

Ինչպե՞ս առաջացավ գաղափարը 👀

2019 թվականին, «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության ֆինանսական տնօրեն Սպարտակ Կյուրեղյանը Երևան-Ստեփանակերտ ճանապարհին ու հետադարձին տարբեր քաղաքներ այցելության ժամանակ, տեսնելով բիզնեսի ու տեխնոլոգիաների անհավասար բաշխումը, մտածեց որևէ միջոցառում անցկացնել: Զարգացնելով գաղափարը, արդեն պարզ էր, որ 2020 թվականին կանցկացվի Goris tech week-ը, բայց համավարակը, հետագայում պատերազմը խանգարեցին դրա իրականացմանը:

Gyumri Tech week՝ 1700 մասնակից, աշխատաշուկաներ, քննարկումներ ու մրցույթ. Ինչ է սպասվում
«Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության ֆինանսական տնօրեն Սպարտակ Կյուրեղյան

«Առաջին Tech week-ն արեցինք 2021 թվականի հուլիսին՝ Արցախում, Ստեփանակերտում: Դա առաջինն էր, ու այնքան լավ անցավ, որ  որոշեցինք շարունակական դարձնել ու նույն տրամաբանությամբ առաջ շարժվել՝ հիմքը դնելով Արցախում: Քանի դեռ շատ քաղաքներ ու գյուղեր կան, որ Tech week չի անցկացվել՝ Երևանը կսպասի»,- ասաց Սպարտակ Կյուրեղյանը:

Tech week-ի ժամանակ կլինեն աշխատանքի տոնավաճառ, որտեղ ավելի քանի քսան ընկերություն կներկայացնեն իրենց հաստիքները:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները